Դեկտեմբերի 1-ին կամ 2-ին աշխատանքային այցով Հայաստան կգա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը:
Հարցին` հստա՞կ է տեղեկությունը, Ռուսաստանի հայերի միության նախագահը պատասխանել է. «Այո, ես ինչքան գիտեմ` հստակ է, որովհետև Հայաստանի Հանրապետության նախագահը և Ռուսաստանի Դաշնության նախագահը պայմանավորվել են, որ ամսի 2-ին պետք է Ռուսաստանի Դաշնության նախագահը այցելի Հայաստան, 1-ին, 2-ին»: Այցի օրակարգի մասին Արա Աբրահամյանն ասել է. «Միջոցառումները, իհարկե, երկու նախագահներն են նախատեսել հանդիպում, քննարկել բոլոր այն խնդիրները, որ վերաբերում են մեր երկու երկրներին, տնտեսական, քաղաքական և ռազմավարության բոլոր խնդիրները: Հարցեր շատ կան, ես գիտեմ, որ բավականին շատ հարցեր ունի Հայաստանի Հանրապետության նախագահը քննարկելու Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ»:
Աբրահամյանի փոխանցմամբ` Երևանում դեկտեմբերի 1-4-ին անցկացվելու է հայ-ռուսական գործարար համաժողով: Նախատեսված է, որ Ռուսաստանի նախագահի ղեկավարած պատվիրակության կազմում լինելու է շուրջ 500 մարդ, այդ թվում նաև ռուսաստանցի գործարարներ: «Ռուսաստանի նախագահի ադմինիստրացիայի կողմից և Հայաստանի Հանրապետության նախագահի ապարատի կողմից անցկացվում է տնտեսական ֆորում, որին մասնակցելու են Ռուսաստանի տարբեր մարզերի ղեկավարներ, ներկայացուցիչներ` մոտ 500 մարդ»,- ասաց Ռուսաստանի հայերի միության նախագահը: Արա Աբրահամյանի տեղեկատվությունը հաստատում է նաև այն փաստը, որ արդեն Երևանում է ռուսական «Ալֆա» ջոկատը` կապված Վլադիմիրի Պուտինի առաջիկա այցի հետ: Խորհրդանշական է դեկտեմբերի 2-ը. 1920 թվականի դեկտեմբերի 2-ին Հայաստան մտավ ռուսական 11-րդ կարմիր բանակը և այդ օրը ավարտվեց Հայաստանի առաջին հանրապետության պատմությունը: Իհարկե, ՌԴ նախագահը Հայաստան այցի ժամկետը ընտրել է Վիլյնուսի գագաթնաժողովի ավարտից հետո` ամրագրելու ռուսական «նվաճումները» հայկական հողում, բայց պատմությունը, ինչպես հայտնի է, կրկնվելու սովորություն ունի, եթե պատմությունից դասեր չեն առնում: